Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և Նա չի ուրախանում ողջերի կորստյան համար»

«Արդարև, Աստված մահ չի ստեղծել, և Նա չի ուրախանում ողջերի կորստյան համար»
12.03.2017 | 16:01

Արդ, որտեղի՞ց են գերեզմանները. «Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 1.24): Անշուշտ, մահը եղծում է մարդուն թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, սակայն խոսքը այստեղ ավելի շուտ հոգևոր, քան մարմնավոր մահվան մասին է, որովհետև կենդանի մեռյալ է Աստծուց հեռացած և Նրա սրբություններից օտարացած մարդը, այնինչ` մարմնով մեռած, թե կենդանի «Արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց, որովհետև արդարությունն անմահ է» (Իմաստ 3.1, 1.15): Մարդը անհնազանդության պատճառով իր հետագա գոյության երկու հնարավոր տարբերակներից` մա՞հ, թե՞ անմահություն, ընտրեց առաջինը:

Բայց հենց արդարության համար պետք է նկատել, որ մեր նախածնողները նախկինում ընտրություն կատարելու որևէ փորձառություն չունենալու պատճառով էր, որ մեղանչեցին, թեպետ, ինչ խոսք, նաև Աստծո հանդեպ անվերապահ հավատի մեջ թերանալու պատճառով: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք, սիրելի ընթերցողներ, այսօր մեր նախածնողների պես Կենաց ծառից` Քրիստոսից սնվելով հանդերձ, ունենք նաև բարին չարից տարբերելու փորձառությունը և չունենք արդարությունից վրիպելու և սխալվելու իրավունք: Մեզնից յուրաքանչյուրը մեկ մուտք ունի այս աշխարհ` մեր ծնունդը, և բոլորս մեկ ընդհանուր ելք ունենք` մեր մահը, որի շուրջ յուրաքանչյուրս խորհրդածում է յուրովի. ոմանք մտածում են, թե պետք է վայելել կյանքը, քանի դեռ այն չի լքել իրենց. «Արդարև մեր կյանքը սահող ստվեր է, և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքվի, այլևս ոչ ոք չի կարող կյանքը վերադարձնել» (Իմաստ. 2.5): Այսպես են խորհում Աստծո օրենքներին անհաղորդ, ամբարիշտ և ամբարտավան մարդիկ, ովքեր չեն հավատում հետմահու կյանքին, այն է` հոգու անմահությանը:

Նրանց անունները իրապես մոռացության կմատնվեն: Իսկ Աստծո արդարությանը հետամուտ մարդիկ, որ հոգևոր վերածնունդ են առել Եկեղեցու սուրբ ավազանից, իրենց կյանքի յուրաքանչյուր փուլը անցնելով Եկեղեցու հետ` քայլ առ քայլ ձգտում են վերարժևորել, վերաիմաստավորել իրենց ապրած երկրավոր կյանքը` փորձելով պարզել, թե պատրա՞ստ են արդյոք Պողոս առաքյալի նմանողությամբ կրկնելու. «Քանի որ ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ», քանզի «ինչքան երկար մնանք այս մարմնի մեջ, օտարանում ենք Տիրոջից և վստահություն ունենք ու առավել ևս հաճելի է մեզ դուրս գալ այս մարմնից և մտնել Աստծու մոտ: ՈՒստի հոգ ենք տանում, որ մնանք, թե դուրս գանք, հաճելի լինենք միայն Նրան. քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով` թե՛ բարի և թե՛ չար (Փիլիպ. 1.21), (Բ Կորնթ. 5.6-10): Եկեղեցու ծոցում ծնված անհատը իր ողջ կյանքը ապրում է` սնվելով սուրբ Եկեղեցու կենսատու օրհնություններով, և Եկեղեցին է դարձյալ, որ նրան այս կյանքի վերջին հանգրվան է ուղեկցում և սերմացու ցորենի նման հանձնում հողին` հանդերձյալ կյանքի հույսով և Տիրոջ երկրորդ գալստյան հանդեպ անսասան հավատով, որ ննջեցյալը նոր կյանքի համար հարություն առնի շնորհներով պայծառացած, անապական մարմնով` պսակված փառքի անթառամ թագով: Այդ նպատակով է, որ ննջեցյալի վրա անպայմանորեն թաղման կարգ է կատարում քահանան, ննջեցյալին հուղարկավորում են գլուխը դեպի արևելք, որտեղից և սպասվում է իր Փրկչի այցելությունը, և Տիրոջով ննջած մարդու տապանաքարը չի հանդիսանում սոսկ այդպիսին. այն անպայմանորեն խաչքար է` Քրիստոսի մահվան, Հարության և վերստին գալստյան, որքան քար, նույնքան էլ՝ խոսուն խորհրդանիշը:

Իսկ ամբարտավան մարդկանց վախճանի մասին Սուրբ գիրքը ասում է հետևյալը. «Եվ դրանից հետո նրանք պիտի լինեն անարգ կործանման և ամոթանքի մեջ` հավիտենական մեռելների հետ, որովհետև Տերը պիտի պայթեցնի նրանց ուռած անշշունջ մարմինները, մինչև որ նրանք խոպան դառնան, տանջվեն ցավերի մեջ, և պիտի կորչի նրանց հիշատակը: Իրենց կուտակած մեղքերից տագնապած` նրանք պետք է հասնեն դատաստանի օրվան, և նրանց գործած անիրավությունները պիտի կշտամբեն նրանց ճակատ առ ճակատ» (Իմաստ. 4. 19-20): Այնինչ արդարների մասին ասվում է. «Նրանք գտնվում են խաղաղության մեջ, նրանք անմահության հաստատ հույս ունեն, և երբ Տերը այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծը եղեգի միջով: Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծո վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն Նրան, քանզի սրբերի համար են Նրա շնորհներն ու ողորմությունը և Իր ընտրյալների համար է Նրա այցելությունը» (Իմաստ. 3. 3-9):


տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ
Գորիսի տարածաշրջանի
հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1522

Մեկնաբանություններ